Քննչական կոմիտեն առաջարկում է բարձրացնել քննիչների աշխատավարձերը

2020 թվականի համեմատ ՔԿ–ում քննվող քրեական գործերի թիվը գրեթե կրկնապատկվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Վերջին տարիներին քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված, միայն 2020 թվականի ընթացքում ՔԿ–ում քննվել է 32.483 քրեական գործ, 2021–ին` 41.883, 2022թ.–ին` 59.830 քրեական վարույթ։ ՀՀ Ազգային ժողովում իր ելույթում նշեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը` ներկայացնելով այն հիմնավորումները, թե ինչու է ՔԿ–ն առաջարկում բարձրացնել քննիչների աշխատավարձերը։
Նրա խոսքով` ավելացել է նաև 1 քննիչի անհատական ծանրաբեռնվածությունը, եթե 2020–ին 1 քննիչին բաժին էր ընկնում տարվա կտրվածքով 73 քրեական վարույթ, ապա 2022-ին այդ ծանրաբեռնվածությունը կիսով չափ ավելացել է` դառնալով 11 քրեական վարույթ։ Ըստ նրա` քննչական կոմիտեում է քննվում ՀՀ–ում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մոտ 95 տոկոսը։
«Քննիչների օրական աշխատաժամը հաճախ հասնում է 12-13 ժամի, երբեմն աշխատում են ոչ աշխատանքային ժամերին և օրերին»,– նշեց Այվազյանը։
Նա զուգահեռներ անցկացրեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեում քննիչների տրվող աշխատավարձերի հետ` նշելով, որ որոշակի խտրական մոտեցում կա, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից ի վեր այդ մարմնում աշխատավարձերի հավելումներ են հատկացվում` սկզբում 100 տոկոսի, այնուհետև` 92 տոկոսի չափով։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կասկած հայտնեց, թե արդյոք աշխատավարձերի բարձրացումը հարցի լուծում է դառնալու։
Ըստ նրա` ավելի ճիշտ կլիներ, որ հավելյալ միջոցներն ուղղվեին անձնակազմի ավելացմանը, քանի որ քննիչի վրա նույն ծանրաբեռնվածությունը թողնելով, սակայն աշխատավարձն ավելացնելով`անխուսափելիորեն որակի անկում է լինելու։
«Հաստիքների ավելացումը ծանրաբեռնվածության նվազեցման, որպես կանոն, չի բերում, որովհետև այս ռիսկայնությամբ, գերծանրաբեռնվածությամբ, սոցիալական ցածր երաշխիքներով պայմանավորված` մենք ունենում ենք անընդհատ պրոֆեսիոնալների արտահոսք։ Այն որոշումը, որը պրոֆեսիոնալ քննիչը կկայացներ կես ժամում, սկսնակ քննիչը կայացնում է 5 ժամում և այսպես շարունակ»,– նշեց Այվազյանը։
Թորոսյանը խնդրեց նաև որոշակի թվեր հնչեցնել, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե աշխատավարձի հավելումների արդյունքում մոտավորապես որքան գումար է ստանալու քննիչը։ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի խոսքով` սկսնակ քննիչն այսօր ստանում է մոտ 300 հազար դրամ աշխատավարձ, հավելման արդյունքում այդ թիվը կդառնա մոտ 570 հազար դրամ։