Փաշինյանը հրապարակեց Արցախի ու Հայաստանի հանձնման ճանապարհային քարտեզը. Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան
Դաշնակցական պատգամավորն ընդգծեց` ընդդիմությունը չի պատրաստվում համակերպվել վարչապետի որոշման հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայ ժողովուրդը 5-6 ամիս ժամանակ ունի կանխելու Արցախի և Հայաստանի հանձնումը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։
«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը մեզ համար անակնկալ չէր։ Վերջին օրերին Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ժամանակացույցը», - ասաց Սաղաթելյանը։
Նրա կարծիքով՝ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման արդյունքներով կողմերը հանդես կգան նոր եռակողմ հայտարարությամբ, կապիտուլյացիայի մասին պայմանագրի քննարկումները կշարունակվեն Քիշնևում։ Բրյուսելում պայմանավորվածություններ ձեռք կբերվեն համաձայնագրի նոր սկզբունքների շուրջ, որն ըստ էության կվավերացվի հոկտեմբերին Գրանադայում կայանալիք հանդիպման ժամանակ:
Այդ իսկ պատճառով Սաղաթելյանը կարծում է, որ հայ ժողովուրդը և նրանք, ովքեր անտարբեր չեն երկրի ճակատագրի հանդեպ, կես տարի ժամանակ ունեն այդ գործընթացը կանխելու համար։
Նա ընդգծեց, որ ընդդիմությունը չի պատրաստվում համակերպվել վարչապետի որոշման հետ և պայքարելու է մինչև վերջ: Պատգամավորը նաև խոստացավ, որ իշխանությունները չեն մարսելու նոր կապիտուլյացիայի մասին փաստաթղթի ստորագրումը։
Ըստ նրա` առաջիկայում կհայտարարվի նաև բողոքի ակցիաների մասին։