Լրջագույն այլընտրանք կա. Վարդան Օսկանյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Վարդան Օսկանյան. Արխիվային լուսանկար
Նախկին արտգործնախարարը կարծում է, որ շատ կարճ ժամանակում հնարավոր է կտրուկ փոփոխություն մտցնել միջնորդական առաքելություն իրականացնող երկրների տեսակետներում և մոտեցումներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բացի Նիկոլ Փաշինյանն «անկլավների» քողի տակ հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք վնասելու են Հայաստանի հարևան Իրանի և Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցությունները` առաջացնելով անվտանգային լրջագույն խնդիրներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով Փաշինյանի երեկ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։
«Կասկած չունեմ՝ շուտով նաև կլսենք, որ Ադրբեջանին տրվում է միջանցք «ոչ միջանցքային տրամանաբնությամբ»։ Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա»,–գրել է Օսկանյանը։
Նախկին նախարարը նախ ընդգծել է, որ Հայաստանում և Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը բացառապես Նիկոլ Փաշինյանի սխալ և անհեռատես ռազմաքաղաքական ու դիվանագիտական ձախողումներն են։ Բացի դա աշխարհաքաղաքական այսօրվա հեղհեղուկ վիճակում Հայաստանի համար առավել լայն հնարավորություններ է ստեղծված հարցի բարենպաստ լուծումների հասնելու համար։
«Ուզում եմ ամենայն վստահությամբ և պատասխանատվությամբ ասել, որ լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է այսօր։ Եվ որ շատ կարճ ժամանակում հնարավոր է կտրուկ փոփոխություն մտցնել այս հարցում հետաքրքրություն ցուցաբերող և միջնորդական առաքելություն իրականացնող երկրների տեսակետներում և մոտեցումներում»,–ընգգծել է նախկին նախարարը։
Կա՛մ կլինենք մենք, կա՛մ չի լինի ոչ ոք. Թոխատյանը կոչ արեց իր գործընկերներին գնալ հանրաքվեի
Միևնույն ժամանակ Օսկանյանը հնարավոր է համարում հասնել մի այնպիսի բանակցային փուլի, որի օրակարգային հարցերի համադրումը հնարավորություն կստեղծի հասնել Արցախյան հարցի՝ կողմերի համար ընկալելի լուծման, որը և կարող է լինել միակ երաշխիքը այս տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության։
«Միջազգային հանրությունը և Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ խնդրի փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու երկու ժողովուրդների միջև։ Իհարկե, այն, ինչ արվում է, անընդունելի է և դատապարտելի։ Համոզված եմ՝ Փաշինյանին չի հաջողվելու հարցին նման լուծում տալ։ Եթե անգամ նա նման փաստաթուղթ ստորագրի, դա կլինի ժամանակավոր շեղում պատմության բնականոն ընթացքից»,–հավելել է նա։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։