ԼՂ շրջափակումը բժշկական ծառայությունների պակասի պատճառ է դարձել. Ավանեսյանը` Ժնևում

ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անվտանգ և անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայում անդրադարձել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար: Իր ֆեյսբուքյան էջում առողջապահության նախարարը հրապարակել է իր ելույթի տեսագրությունը։
«Արդեն վեց ամիս է, ինչ Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անվտանգ և անխոչընդոտ փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով 120.000 բնակիչ գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ: Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակումը սննդամթերքի, դեղորայքի և բժշկական ծառայությունների պակասի պատճառ է դարձել»,– ասել է Ավանեսյանն իր ելույթում։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անվտանգ և անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հումանիտար սկզբունքներին համապատասխան՝ այդպիսով զրկելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնությունից։
ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը որոշում կայացնողների հետ. Ամատունին` Արցախի մասին
Այս համատեքստում Անահիտ Ավանեսյանը կարևորել է ԱՀԿ-ի ժամանակին և կոշտ արձագանքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը կատարելու փոխարեն Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։