ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է Լ. Ղ.–ն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Լ. Ղ.–ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս)»,–ասաց Օհանջանյանը։
Միաժամանակ նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Հատուկ կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանին, որը նույնպես ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Լ.Ղ.–ն «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրն է՝ Լուսինե Ղուկասյանը։
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հակոբ Անանյանը Լուսինե Ղուկասյանին փոխանցել է իր ծառայողական իրավասությունների ներքո գտնվող անձնական տվյալների պետական էլեկտրոնային շտեմարաններ, տարբեր մարդկանց նեղ անձնական, անձնագրային, մեքենաների տվյալներ և այլ խիստ անձնական բնույթի բազմաթիվ տեղեկություններ: