Հրավիրում եմ կերտելու հաղթանակ. Բագրատ Սրբազանը հայությանը կոչ արեց մասնակցել հանրաքվեին

Բագրատ Սրբազան Գալստանյան. Արխիվային լուսանկար
Հոգևորականի խոսքով` օրվա իշխանությունների կողմից ուղղակիորեն ցեղասպանություն է իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը կոչ արեց հայ ժողովրդին մասնակցել առաջիկայում կազմակերպվող հանրաքվեին, քանի որ յուրաքանչյուրի 1 ստորագրությունից է կախված ՀՀ քաղաքացու կյանքի հետագա ընթացքը։ Այս մասին հոգևորականը հայտարարեց «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մեկնարկի ազդարարման ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնության նպատակն է անցկացնել հանրաքվե` Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։
«Յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն ունի, և այսօր այդ պատասխանատվությունը լիարժեք արտահայտելու հնարավորությունն այդ ստորագրության ճանապարհով է։ Այսօր բոլորի ստորագրությունը նշանակություն ունի, և 50.000–ը թիվ չէ (անհրաժեշտ է առնվազն 50.000 ստորագրություն– խմբ.)։ Ես հրավիրում եմ հաղթանակի մասնակից լինել, հրավիրում եմ այս պարտության մութն ո շղարշը մեր կյանքից վերացնելու։ Այսօր այդ մեկ ստորագրությամբ կարող ենք կերտել այդ հաղթանակը»,– ասաց Բագրատ Սրբազանը։
Նա վստահ է` օրվա իշխանությունների կողմից այսօր ուղղակիորեն ցեղասպանություն է իրականացվում և նրանք չէ, որ պետք է որոշեն հայ ազգի ազատ ապրելու, սեփական հայրենիք ունենալու և սեփական ինքնությամբ ապրելու իրավունքը։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։