ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է իշխանություններին հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հոգևոր խորհուրդը կոչ է արել համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ։
«Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը և աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը»,– գրված է հայտարարությունում։
Հայտարարությունը տարածելուց առաջ այսօր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։
Անդրանդարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսին, որի ընթացքում հնչած հայտարարությունները, ըստ Գերագույն հոգևոր խորհուրդի բացահայտել են հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի և Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած, ըստ ԳՀԽ-ի, վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։
«Ձեռնարկվող անհեռատես քայլերով, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանությունները Արցախի մեր քույրերին ու եղբայրներին անխուսափելիորեն կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկման առջև։ Մեր զավակների արյան գնով ու մաքառումով կերտված Արցախի անկախությունը, Հայաստանի տարածքները ենթակա չեն սակարկությունների։ Հայրենիքը ամենքինս է, և հայրենիքին առնչվող նման որոշումները պետք է կայացվեն ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին և օրենսդրությանը համահունչ և ոչ՝ առանձին քաղաքական խմբերի ու խմբավորումների հայեցողությամբ»,– ասված է հայտարարությունում։
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի և անընդունելի է համարել խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։