Գարեգին Բ–ն հուսով է` ՀՀ իշխանությունը կվերանայի «Հայ եկեղեցու պատմության» հարցը

Ամենայն հայոց կաթողիկոս
Առարկայի դասավանդումը դպրոցներում հնարավորություն է ընձեռում ստանալու հոգևոր գիտելիքներ և դաստիարակություն և հավատարիմ մնալու ազգային արժեհամակարգին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հույս ունի, որ ՀՀ իշխանությունները կվերանայեն դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դադարեցնելու որոշումը։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառը խնդրի մասին խոսել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայում հաջողություններ գրանցած աշակերտների հետ հանդիպման ժամանակ։
Ամենայն հայոց կաթողիկոսը աշակերտների հետ հանդիպմանը
Կաթողիկոսի կարծիքով` առարկայի դասավանդումը հոգևոր գիտելիքներ և դաստիարակություն ստանալու, նախնյաց ժառանգությանն ու ազգային արժեհամակարգին հավատարիմ մնալու հնարավորություն է ընձեռում։
«Հայոց հովվապետն աշակերտներին հորդորեց ջերմեռանդությամբ և նախանձախնդրորեն շարունակել իրենց ուսումնառությունը, ամբարել նոր գիտելիքներ և եկեղեցասիրությամբ ու հայրենաճանաչությամբ իրենց մեջ զորացնել նվիրումի ոգին՝ ի փառս հայրենիքի և Մայր եկեղեցու»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վեհափառը շնորհակալություն է հայտնել Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին և առարկայի բոլոր ուսուցիչներին տարիներ շարունակ քրիստոնեական և ազգային արժեհամակարգով երեխաներին կրթելու ու դաստիարակելու համար։
Կաթողիկոսը նաև հանդիպման ընթացքում պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշման համաձայն` 2023–24 ուսումնական տարվանից «Հայ եկեղեցու պատմությունը» որպես առանձին առարկա չի լինելու և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։
Անհեռատես և ոչ հայամետ որոշում է. եպիսկոպոսը` «Հայ եկեղեցու պատմությունը» հանելու մասին