Բեռլինը հերքում է Անկարայի մեղադրանքները. Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳՆ շենքը Բեռլինում
Անկարան ավելի վաղ թուրք լրագրողների ձերբակալության պատճառով մեղադրել էր Բեռլինին խոսքի ազատության դեմ ոտնձգության մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Թուրքիայի դեսպան Ահմեթ Բաշար Շենին այսօր կանչել են Գերմանիայի ԱԳՆ։ Զրույցի ընթացքում նրան հայտնել են, որ Բեռլինը հերքում է Անկարայի մեղադրանքները խոսքի ազատության դեմ ոտնձգության վերաբերյալ։
«Նրան տեղեկացվել է, որ դաշնային կառավարությունը վճռականորեն մերժում է այն մեղադրանքները, որոնք թուրքական կառավարությունը ներկայացրել է խոսքի և մամուլի ազատության, ինչպես նաև Գերմանիայում արդարադատության համակարգի վերաբերյալ», - նշված է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Անցյալ շաբաթ Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ՝ կապված թուրքական Sabah պարբերականի ներկայացուցիչների ձերբակալության և նրանց բնակության վայրերում խուզարկությունների հետ: Լրագրողները մի քանի ժամ անցկացրել են ոստիկանական բաժանմունքում, որից հետո ազատ են արձակվել։
Sabah-ի լրագրողներին կասկածում են Գերմանիայում բնակվող ընդդիմադիր Ջևհերի Գյուվենի անձնական տվյալները բացահայտելու մեջ։ Նա, Անկարայի կարծիքով, կապված է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ, որին Թուրքիան մեղադրում է 2016 թվականին անհաջող պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: