ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին հանդիպել է Գրիգորյանի և Ռուբինյանի հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է անվտանգության ապահովման գործում Հայաստանի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր։ Այս մասին Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այս համատեքստում կարևորել եմ անվտանգության ապահովման գործում Հայաստանի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը»,– գրել է նա։
Կողմերը կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։
Արմեն Գրիգորյանն ու Լեո Դոքերթին մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հետագա ընդլայնման շուրջ:
Նշենք, որ, ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Լեո Դոքերթին այսօր հանդիպել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Ռուբինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան է ժամանել մայիսի 22–ին։ Նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նրանք միասին հանդես են եկել ասուլիսով։
Ասուլիսի ժամանակ եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ Միացյալ Թագավորության` ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել։
Հավելենք, որ Լեո Դոքերթիին այսօր ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։