ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին ներկայացված բողոքի հետքերով այցելել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն և մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ արձանագրել։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Ձորակի» մասնաշենքերից մեկի առաջին հարկում մանկապարտեզ է տեղակայված. հարակից տների բնակիչները և նախադպրոցական ուսումնական հաստատության սաների ծնողները բողոք են ներկայացրել. որ Երևանի թիվ 34 մանկապարտեզը տեղակայված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի հետ նույն շենքում։
Անահիտ Մանասյանը շրջել է կենտրոնի և մանկապարտեզի տարածքներով, զրուցել 2 հաստատությունների անձնակազմերի, նաև հարակից տների բնակիչների հետ:
«Պաշտպանն արձանագրել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, որոնք քննարկվել են իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ հորդորելով շտապ լուծումներ գտնել: Դրանք վերաբերում են ինչպես մանկապարտեզի տարածքի ամբողջական ցանկապատման, այնպես էլ երեխաների հանգստի սենյակների օդափոխության և լուսավորության ապահովման հարցերին»,– ասված է հաղորդագրությունում։
Մանասյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների համար անվտանգ և ապահով, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացման նպաստավոր միջավայր ձևավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և միաժամանակ չխաթարելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: