ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. 44–օրյա պատերազմի զոհերի ծնողները դադարեցնում են ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի հայտարարած իրենց շուրջօրյա ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այս մասին նրանք քիչ առաջ հայտարարեցին լրագրողների հետ զրույցում։
Հայտնել ենք, որ փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը և Վահան Գևորգյանը դադարեցրել են զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։
«Մենք համակարծիք ենք այն տեսակետին, որ Գայանե Հակոբյանի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է։ Մենք, ծնողներով խորդակցելով, որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևը` այսինքն նստացույցը»,– հայտարարեցին նրանք։
Ծնողները հավելեցին, որ իրենց պայքարն այսքանով չի ավարտվում, իսկ պայքարի ձևերի մասին կտեղեկացնեն հավելյալ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Մայիսի 20-ին Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Գայանե Հակոբյանին։