Վարորդներից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՃՈ 3 տեսուչ կալանավորվել է

Արխիվային լուսանկար
Գործի նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներն Արարատի մարզի ավտոճանապարհների տարբեր հատվածներում կանգնեցրել են խախտումներ կատարած վարորդներին, կաշառք վերցրել նրանցից` արձանագրություններ չկազմելու դիմաց։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Այս ամենը տեղի է ունեցել 2022 թվականի ընթացքում, իսկ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող տեսուչներն են` Մ.Հ.-ն, Ա.Ս.-ն, Վ.Խ.-ն և Հ.Գ.-ն։
«Այդ ոստիկանները, երթևեկության սահմանված արագությունը գերազանցած վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանցից կաշառք են պահանջել` 5-10 հազարական ՀՀ դրամ։ Մի շարք դեպքերում էլ՝ վարորդներից որպես կաշառք ընդունել են ծառայողական ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու առաջարկները, ինչպես նաև նրանցից պահանջել և ստացել են բենզինի լիցքավորման համար նախատեսված կտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, հիշյալ ՃՈ տեսուչները խմբով՝ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ։ Այդ թվում՝ վարորդին ոչ սթափ վիճակում գտնվելու համար տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից չզրկելու համար դիտավորությամբ կազմել են կեղծ բովանդակությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 3 արձանագրություն:
Վերը նշված հանցանքների համար Մ. Հ.-ին և Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 2-րդ մասով (2 դրվագ), իսկ Վ. Խ.-ին և Հ. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (9 դրվագ):
ՃՈ տեսուչներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: