Թակել է դուռը և կտրել մորաքրոջ պարանոցը. Աշտարակի սպանության դեպքի մանրամասները

Նշվում է, որ Աշտարակի Տիգրան Մեծ փողոցից հասնելով Սիսակյան փողոց` տղամարդն այնտեղ է թողել հանցագործության պահին հագին եղած շորերը, հագել նորերը, քիչ հեռանալով` վարձել տաքսի և հասել Երևան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մորաքրոջը սպանած 41-ամյա տղամարդը դեպքից 1 օր առաջ էր ժամանել ԱՄՆ–ից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մայիսի 19-ին, ժամը 17։10-ին, Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքի մի բնակարանում հայտնաբերել են 56-ամյա Սիլվարդ Քոչարյանի դիակը` պարանոցի կտրած վերքով:
«Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին, իսկ տղամարդը մայիսի 18-ին Ֆրանկֆուրտ–Երևան չվերթով էր ժամանել Հայաստան։ Նա Աշտարակ գնալուց հետո սկզբում սկսել է փնտրել Տիգրան Մեծի փողոցը և հատկապես 19-րդ շենքի տեղը։ Արդեն շենքի մոտ ճշտել է 45-րդ բնակարանի տեղը, բարձրացել 5-րդ հարկ, թակել դուռը։ Երբ կինը բացել է տան դուռը, 41-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, վերջում է կտրել է պարանոցն ու հեռացել։ Ճանապարհին հարևաններից մեկը փորձել է բռնել նրան, սակայն քաշքշուկից և դանակով սպառնալուց հետո 41-ամյա տղամարդուն հաջողվել է փախչել»,– ասված է հաղորրդագրությունում:
Նշվում է, որ հասնելով Աշտարակի Սիսակյան փողոց` տղամարդն այնտեղ է թողել հանցագործության պահին հագին եղած շորերը, հագել նորերը, քիչ հեռանալով` վարձել տաքսի և հասել Երևան:
Պարզվել է, որ այդ օրը Երևան հասնելով, ըստ նախնական տվյալների, հետքերը թաքցնելու նպատակով նա գիշերել է ոչ թե Մաշտոցի պողոտայի (այնտեղ ապրել է ժամանման առաջին օրը– խմբ.), այլ Երվանդ Քոչարի փողոցի մեկ այլ հյուրանոցում: Իրավապահներին հաջողվել է ճշտել նրա գտնվելու վայրը, և մայիսի 20-ին, ժամը 15։30-ին, քրեական ոստիկանության ծառայողները 41-ամյա տղամարդուն հայտնաբերել են հենց այդ հյուրանոցում, ձերբակալել և ներկայացրել են նախաքննություն իրականացնող մարմին:
Նախաքննությամբ պարզվում են հանցագործության դրդապատճառներն ու հանգամանքները: