ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետությունը պատրաստ է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ-ում Սերբական Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Դուշկո Պերովիչը:
««Գազպրոմն» ամեն տարի երկարաձգում է հիմնական պայմանագիրը, այսպիսով մենք ստանում ենք գին, որն իրականում շուկայական է, բայց հին բանաձևով։ Մենք պատրաստ ենք ռուբլով վճարել։ Դա տեխնիկական հարց է: Իհարկե, այսօր մենք դժվարանում ենք վճարել, քանի որ թղթակցային բանկերի միջոցով փոխանցումները հետաձգվում են», - ասել է նա։
Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության կառավարությանը պատկանող GAS-RES գազային ընկերությունը հունիսի 1-ից երկարաձգել է «Գազպրոմի» հետ բնական գազի մատակարարման պայմանագիրը:
Հանրապետության էներգետիկայի նախարարը նշել է, որ պաշտոնական Բանյա Լուկային լիովին բավարարում են գազի գնի և մատակարարումների դինամիկայի շուրջ պայմանավորվածությունները։ Նա նշել է, որ գինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմում է «մոտ 290 դոլար կամ մի փոքր ավելի բարձր», այն յուրաքանչյուր եռամսյակ կկարգավորվի։
Սերբական Հանրապետության կողմից բնական գազի միջին տարեկան սպառումը, ըստ էներգետիկայի նախարարության, վերջին տարիներին կազմում է մոտ 50 միլիոն խորանարդ մետր: