ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Եվս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Այսօր արդեն 5–րդ օրն է, ինչ բռնկում է եղել։ Երեկ շատ դժվարությամբ աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մոբիլիզացված են ԵԱՍՄ («Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ) ամբողջ շարժակազմը, մասնավոր ընկերություններից տեխնիկա է ներգրավվել։ Այս պահին էլ հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում»,–ասաց նա։
Նա առաջարկեց արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի ընթացքին:
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել մայիսի 18-ին բռնկված կրակը, սակայն հրդեհը մարել չի հաջողվում։
Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։