Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետի հարցով ՀՀ-ն 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան

Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Ադրբեջանին ժամանակ է տրվել հայկական կողմի միջնորդությանը պատասխանել մինչև մայիսի վերջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով Հայաստանը 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Հայաստանը պահանջում է որոշման մեջ ներառել նաև անցակետի հետ կապված խնդիրը, որովհետև փետրվարից հետո իրավիճակ է փոխվել, և անցակետի հետ կապված նոր միջոցի անհրաժեշտություն կա։ Ադրբեջանին ժամանակ է տրվել հայկական կողմի միջնորդությանը պատասխանել մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի»,–ասաց Կիրակոսյանը։
Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով:

Կիրակոսյանը նշեց նաև, որ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է ՄԻԵԴ վճիռները: Այդ փաստը ներկայացվել է վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է նաև Եվրադատարանի կողմից կիրառվող միջանկյալ միջոցների կատարման վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, քանի որ Ադրբեջանը անտեսում է վճիռների կատարումը։
Առաջին անգամ անցակետի հարցով ՀՀ–ն միջազգային դատարան դիմել է ապրիլի 25–ին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։