Արցախի ԱԺ–ն կոչ է անում սատարել արցախահայության` իր հայրենիքում խաղաղ ապրելու կամքին

Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում դեմ արտահայտվեց մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Արցախի Ազգային ժողովը կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի հայության` իր հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու անշեղ և վճռական կամքին։ Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց խոսնակ Արթուր Թովմասյանը` անդրադառնալով մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Նշենք նաև, որ Փաշինյանը նաև ընդգծեց` ԼՂ հայության իրավունքների անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտ երկխոսության ժամանակ։
«Ինչ իրավունքների անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանը 162 օր ապօրինաբար Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ` շարունակելով 1980–ականներից սկսած Արցախի ժողովրդի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը։ Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելի ունի այս ծանր ժամանակահատվածում։ Հայրենիքին ծառայելը պարտք է, իսկ այն պաշտպանելը` մասնագիտություն»։
Նշենք, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրել և իրացրել է անկախ պետություն ունենալու իր իրավունքը։ Ավելի վաղ, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, ԼՂ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը։
Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն էլ ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագիծը, որում մասնավորապես ասվում է` Փաշինյանը խախտում է ՀՀ անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։ Դրանցում մասնավորապես ասվում է` Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
«Մենք վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։ Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց»,– նշեց Բալայանը։
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ արեց համայն հայությանը` թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը։
Արցախի խորհրդարանը դիմեց Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին` կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները, այլապես նրանց լռությունը կդիտարկեն որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան։
Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։