ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 մլրդ դրամ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա այն գումարն է, որը փաստացի մուտքագրվել է պետական բյուջե, և որը 2000 թվականի պետական բյուջեի մասին օրենքի ընդունման պահին նախատեսվածից ավել է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4%–ով»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համանման ցուցանիշը գերազանցել են 768 մլրդ դրամով կամ 66,3%–ով։
Կապիտալ ծախսերը 2022 թվականին 2017 թվականի համեմատ ավել են եղել 150 մլրդ դրամով կամ 163%–ով։
Փաշինյանի խոսքով` 2023 թվականի առաջին 4 ամիսների տվյալներով` Հայաստանը շարունակում է տնտեսական բարձր աճի դինամիկայի մեջ մնալ, ինչն արտահայտվում է նաև պետական բյուջեի մուտքերով։
2023 թվականին առաջին 4 ամիսներին ՀՀ պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտ է մուտքագրվել, քան առանձին վերցրած 2000–ից 2010 թվականներին ամբողջ տարվա ընթացքում։