Կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է պահպանել իրավաչափությունը. ՄԻՊ

Անահիտ Մանասյան
ՄԻՊ–ի խոսքով` կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները։ Նման հայտարարություն է արել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը` անդրադառնալով զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի (Հակոբյանի) նկատմամբ քրեական վարույթին։
«Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար»,–ասել է նա: Այս առումով պաշտպանն ընդգծել է, որ իրականացվող վարույթի առնչությամբ հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում հանրային պատշաճ հաղորդակցություն իրականացնելու և քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունն ապահովելու պայմաններում։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ Մանասյանը կարևորել է, որպեսզի հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ, իր խոսքով ու վարքագծով բացառի և մեղմի հանրային բևեռացումը, ատելության խոսքը, ոչ իրավաչափ երևույթների, այդ թվում՝ բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ զոհված, ինչպես նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողների և հարազատների համար պետությունը տարբեր ձևաչափերով պետք է իրականացնի հոգեբանական աջակցության ծրագրեր, որոնք բացառիկ կարևորություն ունեն այս փուլում հասարակությունում առկա, այդ թվում՝ մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրները հաղթահարելու տեսանկյունից: