ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է ԱՄԷ-ում ընթացող 6th Sharjah Masters 2023 շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարը։
Հինգերորդ տուրում Մարտիրոսյանը սպիտակներով հաղթել է աշխարհի չեմպիոն, չինուհի Ցզյու Վենջունին և չորս միավորով միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ Սա Մարտիրոսյանի երրորդ հաղթանակն էր հինգ խաղում (երկու ոչ-ոքի):
Հինգերորդ տուրում հաղթանակ է տարել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մանուել Պետրոսյանը, որը սևերով հաղթել է ղազախ գրոսմայստեր Ռինատ Ջումաբաևին։ Պետրոսյանն ունի երեք միավոր։ Նույնքան միավոր է վաստակել Շանթ Սարգսյանը՝ հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղալով։ Երկու միավոր վաստակել է Սամվել Տեր-Սահակյանը, որը միավորները կիսում է հունգարացի Վիկտոր Էրդոսի հետ:
9-ական տուրերից բաղկացած մրցաշարն անցկացվում է երեք խմբով՝ Masters Section (այստեղ խաղում են 2500-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ), Challengers Section (2000-2499 վարկանիշ ունեցող շախմատիստներ) և Futures Section (1500-1999):