ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը արդեն դուրս են գրվել: Տեղեկությունը հայտնում են Արտաշատի համայնքապետարանից։
«Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս 3 սաները, նախնական տվյալներով, դուրս կգրվեն այսօր երեկոյան»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մայիսի 18-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» ԲԿ–ից հաղորդում էր ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 14 երեխաներ։ Ավելի ուշ ևս երկու երեխա է հոսպիտալացվել։ «Արտաշատ» ԲԿ–ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ բոլոր երեխաները մանկապարտեզի նույն խմբից են։
Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: