ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։ Տեղեկությունից Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատավոր Ժորա Չիչոյանը Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
«Կանանց մեկ քրեակատարողական հիմնարկ կա՝ «Աբովյան» ՔԿՀ-ն։ Ենթադրվում է, որ տեղափոխել են այնտեղ»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ թեպետ բացահայտ իրավաբանությունից դուրս գործընթաց է տեղի ունեցել, սակայն փաստաբանները կպահպանեն ֆորմալ բնույթը և կիրականացնեն իրավաբանությունից բխող բոլոր գործընթացները։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։