ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշեր» ակցիային մասնակցում է սիմվոլիկ ցուցադրությամբ՝ այցելուներին ներկայացնելով իր հարստության միայն աննշան մասը. ցուցանմուշները տեղավորված են տուփերում՝ սպասելով առավել բարենպաստ ժամանակների:
Ցուցանմուշները պահվում են փակի տակ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
1930թ.-ին ստեղծված երկրագիտական թանգարանը, որտեղ պահվում է ավելի քան 25 հազար ցուցանմուշ, տարիներ շարունակ զրկված է շենքային և գործունեություն ծավալելու նորմալ պայմաններից:
«Այսօր այստեղ փորձել ենք ներկայացնել այն նվազագույնը, որը հետաքրքիր կլիներ այցելուին: Սա շատ լավ առիթ է ևս մեկ անգամ խոսելու թանգարանի գոյության ու կարևորության մասին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հնագետ Հայկ Հայդոսյանը` ներկայացնելով քարե դարի գործիքներն ու խեցեղենը։
Ցուցանմուշները պահվում են արկղերում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Անդրադառնալով թանգարանի ֆոնդերում պահվող մեկ այլ արժեքավոր ցուցանմուշի՝ նա նշեց, որ Տրոգոնթերյան փղի ժանիքը, որը ևս գտնվել է Գյումրիում, հիմա մյուս ցուցանմուշների պես փակի տակ է ՝ արկղում:
Տրոգոնթերյան փղի ժանիք
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Թեև 2018 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրու Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի նախկին շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին, մինչ օրս դեռ տեսանելի քայլեր արված չեն կառույցի վերանորոգման ուղղությամբ:
Թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերուժան Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագիծը ևս կա, բայց աշխատանքներ չեն իրականացվում։ Ըստ նախնական հաշվարկի` շենքը նորոգելու համար անհրաժեշտ է 1 մլրդ 200 մլն դրամ գումար:
«Ըստ նախագծի` թանգարանն ունենալու է ոչ միայն ցուցադրության սենյակներ, այլ նաև ֆոնդերի պահպանման հատված, ռեստավրացիոն սենյակ և այլն, մնում է միայն կառավարության ուշադրությունը և գումար՝ հատկացված կառույցը վերանորոգելու ու թանգարանի ցուցանմուշները տեղափոխելու համար»,- ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Թանգարանը շենքային պայմանների խնդիր է ունեցել նաև խորհրդային տարիներին. մինչև 1984թ-ը թանգարանի ցուցադրության համար տրամադրված է եղել մանկավարժական ինստիտուտի առաջին հարկն ամբողջությամբ: Ունեցել է հնագիտության-ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժիններ։ Հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից։ Հնագիտության բաժինն ունի քարի, բրոնզի, երկաթի դարերի աշխատանքային գործիքների ցուցանմուշներ, բազմատեսակ հնագույն զենքեր և այլն։ Ազգագրության բաժինը նվիրված է Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինականի և Շիրակի հարթավայրի բնակիչների կենցաղին և արհեստներին։ Թանգարանի ցուցանմուշների հավաքածուն զգալիորեն հարստացրել են Շիրակի հարթավայրի Քեթի, Ոսկեհասկ, Մարմաշեն, Տիրաշեն, Վահրամաբերդ գյուղերի մոտակայքում կատարված պեղումները։
Սպիտակի երկրաշարժից հետո թանգարանը տեղակայվել է Գյումրու Մյասնիկյան փողոցի 118 հասցեում գտնվող շենքի 6 սենյակում: Թեև 19-րդ դարի կառույցը անվարձահատույց է տրամադրված թանգարանին, բայց արդեն իսկ վթարային է: