ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Լեհաստանն ակնկալում է, որ Ուկրաինան ներողություն կխնդրի Վոլինյան ջարդերի համար: «Onet»–ի հետ զրույցում այս մասին ասել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան:
«Դա ուկրաինական պետությունը չի արել, բայց Զելենսկին, ինչպես և Ուկրաինան, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի։ «Ներեցեք, մենք ներողություն ենք խնդրում»,-այս բանաձևը շատ լավ կաշխատի լեհ-ուկրաինական հարաբերությունների համար։ Մենք՝ լեհերս, պատասխանատվություն ենք ստանձնել ուկրաինացիների դեմ մեր պետության կատարած հանցագործությունների համար։ Ուկրաինայի կողմից նման պատասխանատվության պակաս կա»,- ասել է Յասինան։
Վոլինյան ջարդերի մեկնաբանումը, ինչպես նաև Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության և Ուկրաինական ապստամբների բանակի (ОУН-УПА, Ռուսաստանում արգելված կազմակերպություններ) ժամանակների ուկրաինացի ազգայնականների առաջնորդների նկատմամբ վերաբերմունքը Լեհաստանի և Ուկրաինայի հարաբերություններում ամենաբարդ հարցերից մեկն է։
2016 թվականի ամռանը Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը որոշում ընդունեց հուլիսի 11-ը ճանաչել որպես ուկրաինացի ազգայնականների կողմից 1943-1945 թվականներին Լեհաստանի Երկրորդ Հանրապետության բնակիչների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Ըստ լեհական կողմի վարկածի՝ զանգվածային սպանություններն իրականացրել են 1939-1945 թվականներին Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության - Ուկրաինական ապստամբների բանակի կողմնակիցները ընդդեմ Վոլինի, Արևելյան Գալիցիայի և Լեհաստանի Երկրորդ Հանրապետության հարավարևելյան վոյևոդությունների լեհ բնակչության:
Ուկրաինացի հետազոտողները այս իրադարձությունները համարում են Ուկրաինական ապստամբների բանակի դեմ լեհական Կրայովայա բանակի պատերազմի հետևանքը: Ուկրաինական կողմն իր կորուստները գնահատում է 10-20 հազար մարդ։ Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Վոլինյան ջարդերը ցեղասպանություն ճանաչելու մասին Լեհաստանի սեյմի որոշումը: Ուկրաինացի պատգամավորները կարծում են, որ այդ որոշումը վտանգում է երկու երկրների քաղաքական և դիվանագիտական ձեռքբերումները: