Խճուղավազքի մրցաշարում հաղթել է Սյունիքի թիմը. Փաշինյանը պարգևներ է հանձնել դպրոցականներին

ՀՀ վարչապետն իր խոսքում նշել է, որ մրցաշարը կարևոր իրադարձություն է, քանի որ ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգին զարգացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի թիմը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշար
Նշվում է, որ առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցել են 11 թիմ, յուրաքանչյուրի կազմում` 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վայոց Ձորի Արենիի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի քաղաքի թիմը:
«Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյան
Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված էին համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար:
Վարչապետն իր խոսքում նշել է, որ մրցաշարը կարևոր իրադարձություն է, քանի որ ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգին զարգացնելու համար։
«Սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև մենք հասկանում ենք և եկել ենք այն եզրակացության, որ շատ հարցեր կան, որոնց լուծումների հետևից պետք է գնանք` ԴՆԹ մակարդակով հասկանալու խնդիրները և այդ մակարդակից սկսելու լուծել դրանք»,-նշել է նա։
Փաշինյանի խոսքով` մրցաշարերը հնարավորություն են տալիս, որ երեխաները սովորեն ճանաչել սեփական հայրենիքն իր բոլոր անկյուններով։