Հայտնի է` ինչ է քննարկվել ՔՊ-ականների և Փաշինյանի հանդիպմանը․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյան
Հանդիպման հիմնական օրակարգը եղել է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումը և մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների միջև երեկ դռնփակ հանդիպում է եղել, որն ավելի քան երկու ժամ է տևել։ «Ժողովուրդ» օրաթերթը, ներկայացնելով հանդիպման մանրամասները, գրում է, որ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Նիկոլ Փաշինյանի ԱԺ գնալը. վերջին պահին են իմացել, որ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված, և շտապել են ԱԺ:
Լրատվամիջոցը նշում է, որ ՔՊ-ականները ոչ ամբողջ կազմով են ներկա եղել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ մի մասը գործուղումների են, և բացի պատգամավորներից, ներկա են եղել նաև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հանդիպման հիմնական օրակարգը եղել է կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը և մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան: Փաշինյանը նախ ներկայացրել է բրյուսելյան հանդիպման մանրամասները, ամփոփել արդյունքները, իսկ ՔՊ-ականները հիմնականում լսողի դերում են եղել, միայն նրանցից մի քանիսն են հարցեր ուղղել Փաշինյանին»,- գրում է թերթը:

Թեև Փաշինյանն ասել է, որ մի շարք կարևոր հարցերի շուրջ չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ, բայց Փաշինյանը և ՔՊ-ականներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել Բրյուսելում հանդիպումը:
Նշվում է, որ ՀՀ վարչապետը չի անդրադարձել առաջիկայում Մոսկվայում և Քիշնևում սպասվող հանդիպումներին: Նիստի վերջում քննարկվել են ներքաղաքական, կուսակցության գործունեությանը և քառօրյային առնչվող ընթացիկ հարցեր:
Փաշինյանը ՔՊ–ականների հետ քննարկել է Բրյուսելի եռակողմ հանդիպմանն առնչվող հարցեր
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր: