Գայանե Հակոբյանը դադարեցրել է հացադուլը. նա ուղերձ է հղել կալանավայրից

Գայանե Հակոբյան
Զոհված զինծառայողի մայրը խնդրել է դուրս գալ փողոց և մենակ չթողնել իր բախտակից ընկերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, դադարեցնում է հացադուլը։ Տեղեկությունը հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան, որը ֆեյսբուքյան էջում հրապարակել է զոհվածի մոր ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից։
Գայանե Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։ Դատավոր Ժորա Չիչոյանի որոշմամբ` նա այսօր մեկ ամսով կալանավորվեց։
«Անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա»,- իր ուղերձում նշել է Գայանե Հակոբյանը։
Նա նաև խնդրել է դուրս գալ փողոց և մենակ չթողնել իր բախտակից ընկերներին՝ զոհված հերոս տղաների ծնողներին։
«Խնդրում եմ նաև մենակ չթողնել Ժորայիս և իմ փոխարեն Եռաբլուրում այցելել նրա սուրբ շիրիմին»,- եզրափակել է կալանավայրում գտնվող կինը։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։