ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. G7-ի երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ,Կանադա) ղեկավարները Իրանին կոչ են արել դադարել աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի հետ հակամարտությունում, ասվում է գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ:
«Իրանին մենք կոչ ենք անում դադարեցնել զինված անօդաչու թռչող սարքերի փոխանցումը»,- նշել են G7-ի երկրների ղեկավարները:
Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանն իբր ԱԹՍ-ներ է մատակարարում Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար: Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու սարքեր մատակարարել է, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ:
G7-ի երկրները լուրջ մտահոգություն են հայտնել «Իրանի ապակայունացնող գործունեության» կապակցությամբ, ներառյալ, իբր, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և դրանց հետ կապված տեխնոլոգիաների փոխանցումը պետական և ոչ պետական սուբյեկտներին և պրոքսի խմբերին՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Առաջնորդները նաև կոչ են արել Իրանին, որն իբր միջամտում է նավագնացության իրավունքների օրինական իրականացմանը, ապահովել առևտրածովային ուղիների անվտանգությունը:
Ավելի վաղ Թեհրանում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն անհիմն կերպով առգրավում է իրանական նավթի խմբաքանակները, ընդ որում՝ նրանք մեղադրում են Իրանին, երբ վերջինս ձերբակալում է նավերը դրանցկատարած խախտումների համար: Թեհրանում հավելել են, որ Իրանը տարածաշրջանային և միջազգային ջրերում նավագնացության անվտանգության ապահովման ոլորտում առավել արդյունավետ գործող երկիրն է:
G7-ի ղեկավարները միաժամանակ ողջունել են երկկողմ հարաբերությունների բարելավման և տարածաշրջանում լարվածության թուլացման նախաձեռնությունները, այդ թվում՝ կապերի վերականգնման վերաբերյալ Իրանի և Սաուդյան Արաբիայի վերջին համաձայնագիրը: