Սննդային թունավորումով Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաներից 2-ը դուրս են գրվել. ԱՆ

Արխիվային լուսանկար
Մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, ինչպես նաև սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 երեխաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ժամը 12:00-ի դրությամբ հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության»,– տեղեկացնում են նախարարությունից։
Գրել էինք, որ մայիսի 18-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» ԲԿ–ից հաղորդում է ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 14 երեխաներ։ Ավելի ուշ ևս երկու երեխա է հոսպիտալացվել։ «Արտաշատ» ԲԿ–ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ բոլոր երեխաները մանկապարտեզի նույն խմբից են։
Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Երկու օրում շմոլ գազից թունավորմամբ 7 երեխա է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց
Իրականացվում է նախաքննություն: Պարզվում են դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը։
Մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, ինչպես նաև սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները:
Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: