Ռուսաստանը լուրջ հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում. Լավրով

Սերգեյ Լավրով
Եռակողմ հայտարարությունը որոշիչ դեր ունի տարբեր հարցերի լուծման համատեքստում, ներառյալ` խաղաղության պայմանագրի, կումունիկացիաների ապաշրջափակման հարցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների երկկողմ հանդիպումը։
Այսօրվա բանակցությունների առանցքային թեմաներն են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Այս համատեքստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հատուկ շեշտել է եռակողմ հայտարարության կարևորությունը և ընդգծել, որ այն պետք է որոշիչ դեր ունենա տարբեր հարցերի լուծման, այդ թվում` խաղաղության պայմանագրի, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման համար։
«Ես կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացը որոշիչ դեր ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար, Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր և լուրջ հետաքրքրություններ ունի, վստահ է, որ դաշնակիցները դա հասկանում են»,– ընդգծեց նա։
Նշենք, որ այս հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հավելենք, որ քիչ հետո սկսվելու է Միրզոյան–Լավրով–Բայրամով եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևեցին մինչև մայիսի 4-ը։