Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր. ՇՄՆ

Վերջին երկու օրվա ընթացքում բոլոր դիտակայաններում արդեն գրանցվել է կոնցենտրացիայի աճ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր, ինչպես, օրինակ, դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Վերջին երկու օրվա ընթացքում բոլոր դիտակայաններում գրանցվել է կոնցենտրացիայի աճ։
«Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.6 անգամ, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Նոր Նորքում 1.2 անգամ»,– գրված է հաղորդագրությունում։
Լրացուցիչ մոնիթորինգից հետո քաղաքացիներին կտրվի հավելյալ տեղեկատվություն։
Նշենք, որ երեկ Երևանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում հրդեհ էր բռնկվել։ Փրկարարներին հաջողվել է տեղայնացնել կրակը, սակայն հրդեհը դեռ չի մարվել։
Հավելենք` ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև այսօր։ Դեպքի վայրում աշխատում են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ 4 հա տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ։