Նարեկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար

20-ամյա Նարեկ Բաղդասարյանը զոհվել է մայիսի 12–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Նորայրի Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոց է կիրառել Գեղարքունիքի մարզի Նորաբակի և ականանետ` Վերին Շորժայի ուղղությամբ։
Մայիսի 12-ին Ադրբեջանը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ, Սոթքի ուղղությամբ կիրառել ԱԹՍ։ Թշնամու կրակոցների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորել 2 զինծառայող
2 օրերի սադրանքների հետևանքով հայկական կողմն ընդհանուր ունի 1 զոհ (Նարեկ Նորայրի Բաղդասարյանը` ծնվ. 2003 թ), 6 վիրավոր։
20-ամյա Նարեկ Բաղդասարյանը Գառնի համայնքից էր` տան միակ տղան։ Նրա զորացրվելուն ընդամենը 50 օր էր մնացել։