ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մոսկվան, ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների, փակել է 500 ամերիկացիների մուտքը Ռուսաստան: Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Ի պատասխան Ջո Բայդենի վարչակազմի կողմից պարբերաբար կիրառվող հակառուսական պատժամիջոցների, որոնք Վաշինգտոնի մտահղացմամբ կոչված են Ռուսաստանին առավելագույն վնաս հասցնել՝ անձնապես ազդելով մեր երկրի պաշտոնատար անձանց և հասարակ քաղաքացիների վրա, հակաքայլերի կարգով Ռուսաստանի Դաշնության մուտքը փակվում է 500 ամերիկացիների համար», - հայտնել է ԱԳՆ-ն:
Դիվանագիտական գերատեսչությունից նշել են, որ Մոսկվայի պատժամիջոցների ցուցակում հայտնվել են ոչ միայն «խորհրդանշական գործիչներ, ներառյալ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման», այլև գործադիր իշխանության տարբեր մակարդակների գործող ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարներ, որոնք սպառազինություն են մատակարարում Կիևի ռեժիմին։
Նախարարությունից նշել են, որ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հասկանա, որ Ռուսաստանի դեմ ոչ մի թշնամական քայլ առանց կոշտ արձագանքի չի մնա:
«Պատժի անխուսափելիության սկզբունքը հետևողականորեն կիրառվելու է՝ խոսքը մեր համաքաղաքացիների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու նպատակով թե՛ ճնշումների խստացման, թե՛ խտրական քայլերի մասին է», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Արևմուտքը Ուկրաինայի պատճառով ուժեղացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արևմուտքը։