ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ), առանձնազրույց ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Մարտիրոսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Անահիտ Մանասյանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը:
Պաշտպանը տեղում ծանոթացել է կնոջ առողջական վիճակին և բժշկական փաստաթղթերին:
«Արձանագրվել է, որ Գայանե Մարտիրոսյանի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ, և նա հրաժարվել է սննդի ընդունումից»,–նշված է հաղորդագրման մեջ։
Ընդգծվում է, որ իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։
Նշենք, որ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 17-ին ևս այցելել էին ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել Գայանե Մարտիրոսյանի հետ:
Այցերի ընթացքում ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։