Կոշիկի մեջ արգելված իրեր են եղել. ինչ են հայտնաբերել «Սևան» ՔԿՀ–ի դատապարտյալի հանձնուքում

«Սևան» ՔԿՀ–ի դատապարտյալի հանձնուքը
Հանձնուքը բերած քաղաքացին հայտարարել է, որ տեղյակ չէ այդ իրերից, քանի որ իրեն նախորդ օրն են փոխանցել կոշիկները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի հանձնուքում` կոշիկների մեջ արգելված իրեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
«ՔԿՀ–ի ծառայողները մայիսի 19-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Է. Չ.-ի անվամբ բերված հանձնուքը: Այնտեղ առկա կոշիկների միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս՝ թաքցված կրունկների հատվածում: Քրեակատարողական ծառայողները կանխել են դեպքը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանձնուքը բերած քաղաքացին բանավոր հայտարարել է, որ տեղյակ չի եղել հեռախոսներից, քանի որ կոշիկներն իրեն փոխանցել են նախորդ օրը:
Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: