Ինչ են կերել Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաները. սննդի նմուշներն ուղարկվել են փորձաքննության

Մանկապարտեզ
Երեխաներից մեկը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նմուշառումներ է վերցրել Արտաշատի մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքից և ուղարկել լաբորատոր փորձաքննության։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 18-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» ԲԿ–ից հաղորդում է ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 14 երեխաներ։ Ավելի ուշ ևս երկու երեխա է հոսպիտալացվել։ «Արտաշատ» ԲԿ–ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ բոլոր երեխաները մանկապարտեզի նույն խմբից են։
«Երեխաների ճաշացանկում եղել է խաշած ձու, թանապուր, ոլոռով ապուր և մակարոնով փլավ»,– տեղեկացնում է ՍԱՏՄ–ն։
Նշվում է, որ դեպքը գրանցվել է Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզում, երեխաները 3-4 տարեկան են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր: