ՀՀ ներքին գործերի նախարարությունում 629 հաստիք կկրճատվի

Կրճատումները կիրականացվեն ՆԳ նախարարության կադրային համալրմանը զուգահեռ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Օպտիմալացման, գործառույթների կրկնակիության բացառման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարությունում 629 հաստիք կկրճատվի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է գերատեսչության հաստիքների թվաքանակը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ներքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթներն այժմ իրականացվում են 2728 հաստիքով` ՆԳ նախարարություն՝ 15, ոստիկանություն՝ 2070, արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 361, փրկարար ծառայություն՝ 268, իսկ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ 14 հաստիք։
«Որոշման ընդունմամբ` նշված գործառույթները կիրականացվեն 2099 հաստիքով, ինչի արդյունքում կտնտեսվի 629 հաստիք»,– ասված է հաղորդագրությունում:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն օրենքի ուժով գործում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմում որպես անձնագրերի և վիզաների վարչություն։ Այսպիսով՝ ոստիկանությունից կրճատվել է 532 հաստիք։
ՆԳՆ–ն հայտնում է նաև, որ կրճատումները կիրականացվեն ՆԳ նախարարության կադրային համալրմանը զուգահեռ։
Այս փոփոխությունը վերաբերում է ՆԳ նախարարության գործառույթներին, իսկ առանձին ծառայություններով ևս առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ։
Կրճատումներ կլինեն, բայց ոչ ցավոտ. ինչպես են Շիրակում իրագործելու Փաշինյանի որոշումը