ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Տևական դադարից հետո` մոտ 11 տարի անց, Հայաստանը Հունգարիայում կրկին դեսպան ունի։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը։
Մեկ այլ հրամանագրով էլ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)։
Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիների վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Նշենք, որ Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպանը Աննա Մարիա Շիկոն է։ Նրա նստավայրը ևս Թբիլիսին է։