Ղրիմը կընդլայնի Ուկրաինայի նկատմամբ պահանջների ցանկը. խորհրդարանի նախագահ

Ղրիմ
Ղրիմի իշխանությունները հայց են պատրաստում. փաստաթղթերով կներկայացվի, թե Ուկրաինայի կողմից թերակղզու շրջափակումը որքան վնաս է հասցրել բյուջեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ղրիմը կընդլայնի Ուկրաինայի նկատմամբ պահանջների ցանկը, փոխհատուցման վճարման պահանջներին կավելացվի ահաբեկչությունների հետևանքով թերակղզուն հասցված վնասը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանրապետության իշխանությունները պատրաստում են առաջին հայցը. փաստաթղթերը հաստատում են Ուկրաինայի կողմից թերակղզու ջրային շրջափակումից բյուջեին հասցված վնասը: Այլ շրջափակումների (այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային) հասցրած վնասի հաշվարկման աշխատանքները շարունակվում են։
«Անշուշտ, աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը։ Մենք նախատեսում ենք ավելացնել նոր պահանջներ, գնահատել Ղրիմին հասցված վնասը նախևառաջ ահաբեկչական գործողությունների հետևանքով. Կիևի հանցագործներն արդեն չեն էլ թաքցնում, որ մասնակցում են դրանց։ Այս ամենը կգնահատվի: Կգա պահը, և մեր պահանջներն ամբողջությամբ կներկայացվեն նրանց», - ասել է Կոնստանտինովը։
Ղրիմը Ռուսաստանի մարզ է դարձել 2014 թվականի մարտին` Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։ 2014 թվականի հանրաքվեում Ղրիմում ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում ընտրողների 95,6%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմ մտնելուն: