ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Գերեզմանատան հսկիչը «Քանաքեռ» գերեզմանատանը գերեզմանատեղեր տրամադրելու գործընթացի շրջանակներում տարբեր քաղաքացիներից խարդախությամբ գումարներ է հափշտակել։ Նրան մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը, 2015թ․ դեկտեմբերից մինչև 2021թ․ մարտն ընկած ժամանակահատվածում «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի «Ավան» գերեզմանատան հսկիչն է եղել։
«Չունենալով ՀՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ» գերեզմանատանը գերեզմանատեղիներ հատկացնելու, հուղարկավորություններ կազմակերպելու, գերեզմանատան շահագործման և պահպանման հետ կապված լիազորություններ՝ նա «Քանաքեռ» գերեզմանատանը, որտեղ տվյալ ժամանակահատվածում գերեզմանատեղիի հատկացումը կատարվել է անվճար, մի շարք քաղաքացիների հարազատների հուղարկավորության նպատակով գերեզմանատեղեր հատկացնելու համար գումարներ է պահանջել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքացիներին տրամադրելով այլ անձանց անվամբ գերեզմանի կեղծված քարտեր գերեզմանատեղիի հատկացման նպատակով նա հափշտակել է տարբեր չափերով գումարներ՝ գույքային վնաս պատճառելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ` Երևան համայնքին։
Բացի այդ, 47-ամյա տղամարդը հուղարկավորության համար գերեզմանատեղիներ տրամադրելու նպատակով կազմել է քաղաքացիների անվամբ գերեզմանի քարտեր՝ դրանցում որպես հիմք ներառելով կեղծ տվյալներ։ Այդ կերպ նա հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար ստեղծել է կեղծ հիմքեր, ինչպես նաև այդ կերպ թաքցրել նոր գերեզմանատեղիի հատկացման փաստը:
Գերեզմանատան հսկիչը նաև ստեղծել է մի քանի տասնամյակ առաջ, իբրև թե, հուղարկավորված անձանցով գերեզմանատեղիների առկայության կեղծ հիմքեր։ Դրա արդյունքում ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցման բաժնում հնարավոր չի եղել ստուգել գերեզմանի քարտում լրացված՝ իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալները, քանի որ առկա չեն եղել նախկինում՝ 1980 թվականի դրությամբ, կատարված հուղարկավորությունների վերաբերյալ հաշվառումներ:
Նշված գործողությունների արդյունքում բազմաթիվ անձանց հուղարկավորությունը գրանցվել է, և «Երևանի բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից տրվել են գերեզմանների վկայականներ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ․ սեպտեմբեր ամսից մինչև 2021թ․ հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, 47-ամյա տղամարդն անարգանքի է ենթարկել հիշյալ գերեզմանատանը գտնվող ընտանեկան 3 գերեզման։ Մասնավորապես՝ նա ոչնչացրել է դրանց վրա եղած տապանաքարերը, որից հետո ազատված գերեզմանատեղին ներկայացնելով իբրև նոր գերեզմանատեղի` գումարի դիմաց այն հատկացրել է մեկ այլ քաղաքացու՝ հարազատի հուղարկավորության համար։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն), 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 306-րդ հոդվածի 1-ին մասով (Գերեզմանն անարգանքի ենթարկելը ) և 460-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը):
Նախաքննությունը շարունակվում է: