Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել

Ռուբեն Մելիքյան
Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել էր. նա հացադուլի մեջ է, շտապօգնություն են կանչել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով պատգամավորները երաշխավորագիր կներկայացնեն։
Նշենք, որ ժամը 23։00-ից Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում քննվում է Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող պաշտպանների բողոքի նիստը։

«10 ընդդիմադիր պատգամավոր երաշխավորագիր են ներկայացրել ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի։ Երաշխավորագիր է ներկայացրել նաև ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը»,– նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա հիշեցրեց, որ քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել, և դատարանը այն քննելու է ձերբակալման բողոքի հետ միասին։ Պաշտպաններին նիստի ժամանակ հարցրել են, թե որքան ժամանակ է պետք բոլոր նյութերին ծանոթանալու համար, ինչին ի պատասխան ասել են, որ 1 ժամը բավական է, այդ պատճառով ժամը 00։00-ին նիստն ընդմիջվեց մինչև 01։00-ն։
Ռուբեն Մելիքյանը նաև ընդգծեց, որ սկզբում` ժամը 23։00-ին մեկնարկելիք նիստը մի փոքր ուշացումով է սկսվել, քանի որ տիկին Գայանեի ինքնազգացողությունը վատացել էր. նա հացադուլի մեջ է, շտապօգնություն են կանչել։
Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսմանը՝ երկու կողմն էլ պնդել են իրենց նախնական ցուցմունքները։
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։
Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։