Երևանն ու Բաքուն մոտ են վերջնական պայմանավորվածությանը. Լավրովը` եռակողմ հանդիպման մասին

Սերգեյ Լավրով
Հաջորդ շաբաթ կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի հանդիպումը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքները`այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Խաղաղության պայմանագրի և այսօր քննարկված մի շարք հարցերի վերաբերյալ հաջողվել է երկու կողմերի ըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին»,– ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին` Լավրովը հիշեցրել է, որ կողմերն աշխատում են այդ ուղղությամբ, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։
Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Լավրովը
«Հայ և ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ եղել են Բրյուսելում։ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ կետերով»,– ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ քննարկվել է այս ամենը համալիր կերպով։
Լավրովի խոսքով` արդեն հաջորդ շաբաթ կայանալու է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի հանդիպումը: Նա հույս է հայտնել, որ դրական արդյունք կգրանցվի։
Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ռուսական կողմին երախտագիտություն են հայտնել հարաբերությունների կարգավորման համար ներդրվող ընդհանուր ջանքերում առաջատար դերակատարման համար։
Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան
Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր անցկացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:
Կայացել է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: