Երևանի կոնյակի գործարանը կատարում է պարտավորությունները միջազգային գործընկերների առջև

Երևանի կոնյակի գործարանը. Արխիվային լուսանկար
Pernod Ricard ընկերությունը հայտարարել էր ապրիլի վերջից Ռուսաստանում գործունեության դադարեցման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Երևանի կոնյակի գործարանը շարունակում է կատարել բոլոր պարտավորությունները միջազգային գործընկերների և հազարավոր հայ խաղողագործների առջև։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին սեփական աղբյուրները։
Նրանք հավաստիացրեցին, որ գործարանն աշխատում է կանոնավոր ռեժիմով։
Նշենք, որ ավելի վաղ Pernod Ricard ընկերությունը հայտարարել էր ապրիլի վերջից Ռուսաստանում գործունեության դադարեցման մասին։
PR Rouss կազմակերպությունը, որը Pernod Ricard ընկերության դուստր կազմակերպությունն է, Երևանի կոնյակի գործարարանի գործընկերն է Ռուսաստանի Դաշնության տարածքում, կամփոփի իր գործունեությունը մոտակա ամիսների ընթացքում։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան ու դա ազդելու է նաև խաղողի մթերման վրա։
Հիշեցնենք, որ հետքովիդյան 2021 թվականին Հայաստանից կոնյակի արտահանումը սկսել էր վերականգնվել։ 2020 թվականի համեմատ այն աճել էր մոտ 20%-ով ՝ հասնելով 240 մլն դոլարի։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով ՝ արտահանման մոտ 75 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։
2021 թվականին արտահանման արժեքը հասել է մոտ 180 մլն դոլարի։ Երևանի կոնյակի գործարանը Ռուսաստանում կոնյակի խոշոր մատակարարներից մեկն է։ 2020 թ-ին արտահանումների քանակով կոնյակը երրորդ ապրանքն էր ըստ հասույթի` պղնձի խտանյութից և ծխախոտից հետո, 2021–ին՝ երկրորդը։