Եվրոպացի դիվանագետների հետաքրքրությունը ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ, ունի հեռահար նպատակներ, որոնցից կարելի է առանձնացնել ռուսական զորքի տեղաշարժի վերահսկումը, տեղի բնակչության՝ ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու պատրաստակամությունը ստուգելը և այլն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
15 եվրոպական երկրների դեսպաններ, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ, օրերս այցելել են Սյունիքի մարզ, որոշել Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացնել Սյունիքում։ Նրանք հանդիպել են մարզպետի հետ, մասնակցել ցուցահանդեսի, համերգային միջոցառման։
Ինչպես նկատեց Մաթևոսյանը, վաշինգտոնյան եռակողմ հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրություններից մեկում խոսվում էր այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեխանիզմներ ստեղծեն էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման համար։ Սյունիք այցելելով` եվրոպացիներն աշխատում են այդ գործըթացը վերահսկողության տակ պահել։
«Եվրամիությունն ու ԱՄՆ–ն շատ որակյալ կերպով և տարբեր մեթոդներով կյանքի են կոչում իրենց քաղաքականությունը Հայաստանի տարածքում` իրականացնելով հեռահար ծրագրեր։ Մեր երկիր եկան եվրոպացի դիտորդները, Ազգային ժողովից հայտարարեցին, որ նրանք եկել են վերահսկելու ռուսական զորքի տեղաշարժերը։ Նաև դիտորդները սահմանի տարբեր հատվածներում հարցումներ են անցկացնում` պարզելու, թե տեղի բնակիչները պատրա՞ստ են ադրբեջանցիների հետ ապրել նույն կամ հարևան բնակավայրերում»,– ասաց Մաթևոսյանը։
Ըստ նրա` մենք վերածվել ենք աշխարհաքաքական բախումների թատերաբեմի, և սա ամենավատ բանն է, որ կարող էր անել Հայաստանի իշխանությունն իր երկրի հետ։ Ասվածին կարելի է հավելել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, որի ընթացքում նա բաց տեքստով հայտարարեց, թե Արևմուտքը Հայաստանի ղեկավարությանը հորդորում է հեռացնել ռուսական ռազմաբազան, հրաժարվել ռուս սահմանապահների ծառայություններից։ ԵՄ–ն իր ծրագրերով փորձում է այնպես անել, որ մարդիկ նախապատվություն տան ոչ թե ռուսական զորքերի ներկայությանը, այլ եվրոպացիների աջակցությանը։
Անդրադառնալով հարցին, թե Կապանում բացված իրանական հյուպատոսությունը չի՞ խանգարում արդյոք Արևմուտքին, Մաթևոսյանն ընդգծեց, որ միանշանակ անհանգստացնում է։ Ըստ նրա` երբ Ջոն Բոլթոնը տարիներ առաջ Հայաստանում ասում էր, որ մենք պետք է հրաժարվենք պատմական կարծրատիպերից, նկատի ուներ այն, որ Ռուսաստանին և Իրանին պետք է վերաբերվենք թշնամաբար, սակայն վերջիններս չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը Հարավային Կովկասում։
«Մենք իսկապես աներևակայելի վատ վիճակում ենք հայտնվել, և այդ պատճառով էլ եվրոպացիները փորձում են իրենց նախընտրած մեթոդներով մեզ հետ աշխատել, հետևաբար նրանց ներդրումներն ու ֆինանսական աջակցությունները լիովին տրամաբանական են»,– ասաց Մաթևոսյանը։
Նշենք, որ տարեսկզբից Սյունիքում մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն է ուղղված։
Նախապես ասվել էր, որ 5 տարվա կտրվածքով մարզին տրամադրելու են 51 միլիոն եվրո, սակայն վերջերս խոսվել է արդեն 116 միլիոնի մասին։