Հրադադարի խախտում ԼՂ–ում. ադրբեջանցիները կրակել են այգում աշխատողների և հանքի ուղղությամբ

Բերդաշեն
Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այսօր Արցախում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Ադրբեջանական զինուժը կրակ է բացել շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ։
ՊԲ–ի հաղորդմամբ` Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակել է այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Իսկ Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինուժը կիրառել է ՀԱՆ-17 նռնականետ։
«Հայկական կողմը կորուստներ չունի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ՊԲ–ից տեղեկացնում են, որ ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Նորաբակի դիրքի ուղղությամբ` կիրառելով ականանետ. ՀՀ ՊՆ