Ապատեղեկատվության դեմ պայքար. ՀՀ և ՌԴ ԱԳՆ միջգերատեսչական խորհրդակցություններ են կայացել

ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Քննարկվել է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-հայկական միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության լուսաբանման աջակցության և ԶԼՄ-ների հետ աշխատանքի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ խորհրդակցությունները կազմակերպվել են մայիսի 18-ին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման շրջանակում։
Քննարկումներին մասնակցել են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանը և ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Տեղի է ունեցել բովանդակալից զրույց տեղեկատվական տարածքում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Մեծ ուշադրություն է դարձվել ապատեղեկատվության տարածմանը հակազդելու խնդրին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խորհրդակցությունների մասնակիցները հետաքրքրություն են հայտնել երկու երկրների ԶԼՄ-ների միջև շփումների հետագա ընդլայնման հարցում:
Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, դրան հաջորդել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ հետ։
Ապա ԱԳ նախարարները` Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը եռակող հանդիպում են ունեցել և քննարկել խաղաղության պայմանագրի դրույթներն ու տարածաշրջանային խնդիրներ։ Ավելի ուշ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրանովի առանձնազրույցը։