Անբարեխիղճ մրցակցություն. «Աշտարակ կաթ» թթվասերի մեջ բուսական յուղ է հայտնաբերվել

Կաթնամթերքի բաժին
Տուգանված ընկերություններից մեկն արտադրողն է, մյուսը` իրացնողը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և շուկայում իրացվել է որպես թթվասեր։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 17,5 միլիոն դրամի տուգանք է նշանակել հասարակությանը մոլորեցնելու և անբարեխիղճ մրցակցության համար։ Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
Խոսքը «Աշտարակ կաթ» ապրանքային նշանով «Դասական թթվասեր» անվամբ ապրանքատեսակի մասին է։ Վարույթը հարուցվել է արտադրող «Արբան» և իրացնող «Պարգև» ՍՊԸ–ների նկատմամբ` հաշվի առնելով նաև ընկերությունների կապվածությունը։ «Պարգև» ՍՊԸ–ի միակ բաժնետեր Իվան Խորենի Ավանեսյանը նաև «Արբանի» երկու բաժնետերից է։
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների նման վարքագիծը որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, և թիվ 217-Ա որոշմամբ նշանակել է 17 504 452 դրամի չափով տուգանք»,– նշված է ՄՊՀ տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունները կարող են բողոքարկել որոշումը երկամսյա ժամկետում։