Սոթքի հատվածում վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից

Ադրբեջանական կրակոցներից վնասված մեքենա
Արամ Թորոսյանի խոսքով` գիշերվա ընթացքում սահմանին էական խախտումներ չեն արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Սոթքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցներից վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Բուժակը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա, ըստ Թորոսյանի, գիշերվա ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել։
«Իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,– ասաց ՊՆ խոսնակը։
Հիշեցնենք` մայիսի 17-ին` ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել նաև բուժակը:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը մահացել է: