«Սևան» ՔԿՀ–ում փորձել են դրոնով թմրանյութեր, ներարկիչ, հեռախոս, ծխամորճ ներնետել

Հայտնաբերված փաթեթի պարունակությունը
Դեպքի առնչությամբ ահազանգ է եղել, ինչից հետո տարածքի զննություն է իրականացվել, և մասնաշենքերից մեկի տանիքին հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում դրոնի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրերի և կասկածելի զանգվածների ներնետման դեպք է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Միջադեպի վերաբերյալ ահազանգ է եղել մայիսի 17-ին՝ ժամը 21:25-ի սահմաններում։
Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքին հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա կախիչով:
«Փաթեթում եղել են լիրիկա տեսակի 50 դեղապատիճ, 23,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, 6,7 գրամ թափանցիկ և 5,7 գրամ դեղնավուն բյուրեղանման զանգվածներ, 8,3 գրամ քաշով սև կպչուն զանգված, ինչպես նաև 2 ներարկիչ՝ յուրաքանչյուրում՝ 4,5մգ սուր հոտով անգույն հեղուկ, 3 բջջային հեռախոս, USB լար և դատարկ, ապակյա ծխամորճ»,– ասված է հաղորդագրությունում:
Հայտնաբերված իրերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: